Հոկտեմբերի 14-21-ը «Ավրորա» համաժողովի շրջանակում Հայաստանում և Արցախում «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը կանցկացնի առաջին միջոցառումներից մեկը։ Համաժողովը միավորում է սոցիալական, կրթական, մարդասիրական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար մասնագետներին։
Համաժողովի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հիմնադրամի նվիրատուներն ու ընկերները Շուշիում կմասնակցեն պատմական հուշակոթողի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգման աշխատանքների ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքները նախաձեռնել է «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը՝ 2014 թվականին։
Մզկիթի վերականգնման ծրագրի արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ պահպանելով նրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաև մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքը (հոգևոր վարժարան), ընդլայնվել և բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ:
Շուշիի միջոցառման մասնակիցները կծանոթանան նաև հիմնադրամի մյուս ծրագրերին, որոնք ուղղված են հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Նրանց թվում են Հայաստանի Տաթևի վանական համալիրը, Վրաստանի Սուրբ Գևորգ եկեղեցական համալիրը, Արցախի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Հիմնադրամի ջանքերով վերակառուցվել է նաև Սուրբ Թադևոսի վանքի տանիքի: Սբ. Թադևոսի վանական համալիրը գտնվում է հյուսիս-արևմտյան Իրանում և ունի հոգևոր բացառիկ նշանակությունը Հայ առաքելական եկեղեցու համար և համաքրիստոնեական եզակի ուխտատեղի է: 2008 թվականին վանքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։