Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության և գործին առնչվող այլ մարմինների գործողությունները «Սանիթեք» ընկերությունը գնահատում է որպես խտրական և պատժիչ՝ նպատակ ունենալով օտարազգի ներդրող համարվող ընկերությանը ենթարկել օտարման և առգրավել նրա ակտիվները: Այս մասին ասված է այսօր ՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի սանմաքրման մենաշնորհային օպերատոր հանդիսացող «Սանիթեք» ընկերության տարածած հայտարարության մեջ։
Ընկերությունն իր իրավաբանների կողմից Աղբահանության պայմանագրերի միակողմանի լուծման վերաբերյալ Երևանի քաղաքապետի պաշտոնական ծանուցումների ուսումնասիրության արդյունքներով արձանագրում է, որ ժամանակագրական կարգով ներկայացված հիմքերը վկայում են մեկ բանի մասին՝ սկսած նախընտրական շրջանից և մինչև պայմանագրի լուծման պահը քաղաքային իշխանությունները նպատակ են հետապնդել բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտել օպերատորների գործունեությունը: Ծանուցումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Երևանի քաղաքապետարանը դեռևս քաղաքապետի հայտարարությունից առաջ ցանկացած պահի կարող էր միակողմանի լուծել պայմանագրերը, քանի որ ծանուցումներում նշված իրավական հիմքերը վաղուց կային։ Սակայն պայմանագրերը հենց հիմա են լուծվել, և այստեղ վճռորոշ է դարձել հետևյալ գործոնը. քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս հանգել է այն եզրակացության, որ Երևանի քաղաքապետարանի և օպերատորների միջև պայմանագրերի ստորագրմանը նախորդել են մի շարք խախտումներ։ Ավելին, այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
«Ստացվում է, որ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցելու մասին իր հաղորդագրությամբ կոպտորեն խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը, և Երևանի քաղաքապետը, հիմք ընդունելով միայն քրեական գործ հարուցելու փաստը, առաջնորդվել է գլխավոր դատախազության՝ որպես վերջին ատյանի դատավճռով՝ դրանով իսկ հաստատելով այն», – ասված Է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ գլխավոր դատախազությունը և պետական եկամուտների կոմիտեն այս ամբողջ ընթացքում, Բացի «չհիմնավորված» քրեական գործեր հարուցելուց, ամեն ինչ արել են, որպեսզի «Սանիթեքին» զրկեն իրենց որոշումները դատական կարգով վիճարկելու հնարավորությունից՝ հատուկ չներկայանալով դատական նիստերին:
Այս հանգամանքը հիմք է տալիս պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունում դատական պաշտպանության միջոցները չեն գործում, և պետությունն ի վիճակի չէ օտարերկրյա ներդրողներին ապահովել արդար դատաքննության իրավունքով։