Այսօր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան օրն է: 1861թ. այս օրը ծնվեց հայ ժողովրդի մեծ բարեկամ, մարդասեր, նորվեգացի բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը: Ֆրիտյոֆ Նանսենին հաճախ անվանում են «Աշխարհի խիղճը»:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ֆ. Նանսենն ակտիվորեն մասնակցել է Ազգերի լիգայի աշխատանքներին: 1920-22 թթ. նա հանդիսացել է ռազմագերիների հայրենադարձման գործերով Ազգերի լիգայի Գերագույն հանձնակատար, իսկ 1921թ. նշանակվել է փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար` կազմակերպելով ռազմագերիների փոխանակումը և փախստականների վերադարձը:
Ֆրիտյոֆ Նանսենի առաջարկով՝ Ազգերի լիգան վավերացրեց «Նանսենյան անձնագրերը», որոնցով քաղաքացիություն չունեցող փախստականներն իրավունք ստացան մուտք գործել տարբեր երկրներ: Դրանց շնորհիվ շուրջ 320 հազար հայեր ազատ տեղաշարժի իրավունք ձեռք բերեցին:
1924 թ. Ազգերի լիգայի հանձնարարությամբ Ֆրիտյոֆ Նանսենը սկսում է զբաղվել հայ փախստականների հայրենադարձության հարցի ուսումնասիրությամբ: 1925թ. հունիսին Ֆ. Նանսենի ղեկավարած հանձնաժողովն այցելում է Խորհրդային Հայաստան, որի արդյունքում նրա անմիջական ջանքերով կազմակերպվում է շուրջ 7.000 հայ գաղթականների հայրենադարձությունը:
Հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատել նրա հայանպաստ գործունեությունը, նա ոչ միայն փրկեց հայերեին, այլև արթնացրեց հավատը վաղվա օրվա նկատմամբ:
Ֆրիտյոֆ Նանսենը վախճանվեց 1930 թվականին, համոզված լինելով, որ հայերի համար գործադրված ջանքերն իր կյանքի ամենամեծ պարտությունն էր: Սակայն այսօր հայերը հազիվ թե համաձայնեն իր հետ:
Նանսենի 150-ամյակի առիթով Երևանում հուշարձանի բացման արարողության ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Նանսեն օգնեց հայ ժողովրդին նրա համար ամենածանր շրջանում: Նա փրկեց ոչ միայն հարյուր հազարավոր հայերի, այլև հավատն այն բանի, որ մարդկանց մեջ բարություն մնացել է: Հավատն այն բանի, որ ապրիլի 24-ից հետո 25-ը կգա»: