Այս տարին հոբելյանական է. Այս տարի տոնում ենք հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Հոբելյանական տոնակատարությունների շրջանակում 2019 թ. հոկտեմբերի 11-13-ը Հովհաննես Թումանյանի թանգարանը կազմակերպում է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով և ցուցահանդես:
Գիտաժողովի նպատակը Թումանյան հեքիաթագրի ամբողջական ներկայացումն է. նրա թարգմանական հեքիաթագրության ներկայացումն ու արժևորումը:
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը 2017 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»։
«Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում: Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը /Թուխիկյան/, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության ստորաբաժանման ավագ համակարգող (ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ` Ստեֆանիա Ջանինիի անունից) Ինգա Նիշանյանը և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լենա Թերզիկյանը:
Նշենք, որ գիտաժողովին մասնակցելու են բազմաթիվ զեկուցողներ նաև այլ երկրներից: