Հենրիկ Սուրենի Մալյանը հայ նշանավոր կինոռեժիսոր,թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ է:Նա և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես սցենարիստ մասնակցել է մի շարք ֆիլմերի ստեղծմանը: Նրա ֆիլմերը դաստիարակել են սերունդներ, իսկ ֆիլմերից բազմաթիվ արտահայտություններ դարձել են թևավոր խոսքեր:
Բավական է հիշել ընդամենը նրա ֆիլմերից մի քանիսը՝ «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք»:
Նրա ֆիլմերն, իհարկե, որոշակի պատկերացում տալիս են մեծ մարդու և արվեստի գործչի մասին, բայց նրան ավելի համակողմանի բացահայտելու նկատառումով, այսօր ձեզ ենք ներկայացնում նրա մտքերից մի քանիսը.
Ես միշտ նախանձել եմ այն ռեժիսորներին, որոնք ֆիլմի ավարտից հետո հաճույքով մասնակից են լինում իրենց ստեղծագործության քննարկումներին, հաճույքով վիճում են, հաճույքով պաշտպանվում, հաճույքով հարձակվում և կամ էլ. հաճույքով լռում` սեփական ֆիլմի այս կամ այն գնահատության առթիվ:
Ֆիլմի ավարտից հետո ես մի անկասելի ցանկություն եմ ունենում հեռանալու, փախչելու ֆիլմից, նրա տրամադրությունից, նրա ռիթմից, փախչելու` առանց ետ նայելու, առանց վերլուծությունների, առանց հոգեմաշ արդարացումների, առանց բացատրությւոնների, առանց հաղթողի կամ հաղթվողի կեցվածքի:
Յուրաքանչյուր արտիստի, արվեստագետի տաղանդի չափանիշը գուցե իր շուրջը, իր անհատականության չորսբոլորը նրա ստեղծած մթնոլորտի ջերմաստիճանն է…Թվում է՝ գոյություն ունի նման մթնոլորտ, չնայած ֆիզիկոսներն ու քիմիկոսները վայրկեանապես կարող են հերքել այդ.
Համոզված եմ, որ այն անհատը, որն իսկապես զգում է իր կողքի մարդուն, զրուցել է հայ գյուղացու կամ քաղաքացու հետ, շնչել է Մատենադարանի խորհրդավոր օդը, զայրույթով լռել է Եղեռնի հուշարձանի առջև, զգացել է մեր եկեղեցիների վեհությունը, հաղորդվել է Նարեկացուն, ում սիրտը բաբախել է Չարենցի սրտի ռիթմով, չի կարող ազգային ֆիլմ չստեղծել:
Համոզված եմ, որ ինչ-որ մի օր, ինչ-որ մի մեծ բժիշկ կհայտնագործի սրտի մեջ ուղեղ, ավելի դժվար է լինելու ուղեղի մեջ սիրտ որոնող բժիշկի վիճակը:
Հոդվածում օգտագործվել են մեջբերումներ Հատված «Երկխոսություն երրորդի համար» գրքից: