Այսօր Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան օրն է։ Վեհափառ հայրապետը եղել և այժմ էլ շարունակում է մնալ հայ ժողովրդի համար սիրելի և ընդունելի կերպար, ով բազմիցս աչքի է ընկել իր հայանպաստ գործունեությամբ:
Նրա շնորհիվ են փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի Ավետարանը և Մալաթիայի Ավետարանը, Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր:
Վազգեն Առաջին կաթողիկոսը մեծ ներդրում ունի Արցախի հարցում։ Վերջինս 1988 թվականին դիմել է ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Մ.Գորբաչովին՝ Արցախը Հայաստանին վերամիավորելու հարցով և բացի սա Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը:
Կաթողիկոսն իր Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը և ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Բացի սա, առհասարակ նա ծավալել է եկեղեցաշինարարական, վերականգնողական մեծ աշխատանք՝ վերանորոգելով Մայր տաճարը, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Զորավոր և մի շարք այլ եկեղեցիներ։
Վազգեն Ա կաթողիկոսն ապրել և գործունեություն է ծավալել միայն՝ հանուն հայրենիքի սկզբունքով և պատահական չէ, որ հաճախ է հնչեցրել, որ հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն: