Ռուսաստանի Դաշնությունում հայկական վարորդական իրավունքով երթևեկողների նկատմամբ դրսևորվող սահմանափակումների հարցով Հայաստանի Հանրապետությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Շավարշ Քոչարյանի խոսքով՝ սեպտեբերի 9-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի օրակարգում այս հարցը ներառված էր:
«Այդ հարցը երկու ուղղությամբ է քննարկվում՝ բազմակողմ և երկկողմ: Բազմակողմ ուղղությամբ է քննարկվում, քանի որ ԵԱՏՄ մասին համապատասխան պայմանագիրը չի նախատեսում նման սահմանափակում: Երկկողմում, քանի որ այս սահմանափակումն իրականացվել է Ռուսաստանի ներքին օրենքով, և այդ օրենքն այնպես է ընդունվել, որ անդամ պետություններից միայն Հայաստանի վրա է տարածվում այդ սահմանափակումը»,-ասել է Շավարշ Քոչարյանը։
«Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել արդյունքի»,- նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։