ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է աշխատանքի ընդունվելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ամրագրել որպես խտրականություն:
Օրենքի նախագիծն Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի նիստում ընդունվեց միաձայն։
Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ մարդկանց, ովքեր ունակ են, ցանկություն ունեն աշխատելու, չի կարելի տարիքի պատճառով չընդունել աշխատանքի:
Աշխատանքի ընդունվելիս խտրականությունների շարքին դասվել են նաև մի շարք այլ հատկանիշներ: Արդյունքում, ամրագրվել է, որ խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը:
Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ հաճախ տարբեր պատճառներով, սակայն ցանկության բացակայության հիմքով, պետական և ոչ պետական հատվածներում մարդկանց ազատում են աշխատանքից: