Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին:
Զբոսաշրջության նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղն ասել է․
«Համաձայն 2010 թվականի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից ընդունած համատեղ արձանագրության՝ անցկացնելու են թվով 7-րդ հայկական պատարագը: Հայկական պատարագը 3 տարի չէր անցկացվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Անցյալ տարի վերսկսեցինք: Այս տարի նույնպես համատեղ պայմանավորվածությունների արդյունքում կիրականացվի այն»։
Թուրք պաշտոնյան չի թաքցրել, որ պատարագն իրենց համար առավել կարևոր է զբսաշրջության տեսանկյունից՝ նշելով, որ Աղթամար կղզին ու Սուրբ Խաչ եկեղեցին Թուրքիայի կրոնական տուրիզմի կարևոր ուղղություններից են դարձել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլում՝ կայքի շնորհանդեսի ժամանակ, նախագահականի հանրային կապերի բաժնի վարիչ Ֆահրեթին Ալթունը նշել էր, որ քրիստոնյա ժողովուրդների և հատկապես հայերի համար կարևոր հոգևոր կենտրոն Աղթամարի կղզուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել է տեր կանգնել՝ պատմական գիտակցության և մշակութային ժառանգության պահպանման բարոյական արժեքների նպատակով։ Նա շեշտել է, թե Աղթամար կղզին կդառնա հոգևոր տուրիզմի կենտրոն։