Հայկական ռազմական տոնացույցի երիտասարդ, բայց արդեն ավանդական ու սիրված տոներից է հայ ազգային-ազատագրական շարժաման ականավոր գործինչներից մեկի՝ Մխիթար սպարապետի անունը կրող «Սպարապետի օրը» տոնը։ Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս ՝ օգոստոսի 5-ին, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում նշվում է Սպարապետի օրը։
Սպարապետի օրը նշվում է 2017 թ․-ից։ Տոնական օրվա ընթացքում կազմակերպվում են ռազմական, մշակութային և սպորտային բնույթի միջոցառումներ։
Սպարապետի տոնի շրջանակներում ավանդաբար կազմակերպվում են ՀՀ ԶՈՒ նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը։ Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտ գտնվող քարանձավում կազմակերպվում են թատերական ներկայացումներ, ազգագրական երգ ու պարի մրցույթներ։
Քաղաքական և զինվորական բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ ու ծաղկեպսակներ է դնում Մխիթար սպարապետի ու հայրենիքի համար պայքարում ընկած հերոս հայորդիների հուշաքարերին։
Ամբողջ օրվա ընթացքում ներկաները հատուկ տաղավարներից կարող են գնել գյուղացիների
պատրաստած էկոլոգիապես մաքուր ավանդական ուտելիքները, թխվածքներն ու խմիչքները: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն Սեդրակ Մամուլյանի ղեկավարությամբ կներկայացնի մարզին բնորոշ կերակրատեսակներ։ Հյուրերը կարող են համտեսել է զինվորական սնունդ՝ տեղակայված զինվորական դաշտային խոհանոցում։
Խնձորեսկում կազմակերպված տոնակատարությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Հայոց բանակի մի խումբ նորակոչիկների երդման արարողությանը։
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այցելել Սյունյաց բնության հոյակերտ անկյուններից մեկը։
«Ով չի եղել Խնձորեսկում, շատ մեծ բան է կորցրել, բայց ամառը դեռ առջևում է: Սա Խնձորեսկի հայտնի «ճոճվող կամուրջն» է, եթե բարձրությունից վախենում եք, սա ամենահարմար տեղն է այդ վախը հաղթահարելու համար: Ընդհանրապես, պետք է այցելել Սևան, Կապան, Դիլիջան, Արցախ, Շուշի»,- ասել է ՀՀ վարչապետը:
ՀՀ վարչապետի հետ Խնձորեսկում են եղել նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հավելենք, որ Մխիթար սպարապետի գերեզմանը գտնվում է Հին Խնձորեսկ գյուղի Անապատի եկեղեցու բակում: Այստեղ են թաղված նաև սպարապետի զինակից ընկեր Մելիք Բարխուդարն ու նրա դուստրը` Գոհարը:
Մխիթար Սպարապետը XVIII դարի 20-ական թվականների հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից է, Դավիթ-Բեկի մերձավոր զինակիցը։ Դավիթ-Բեկի և Մխիթար Սպարապետի ղեկավարած շարժման կարևորագույն ձեռքբերումը Սյունիքում ազգային-ազատագրական պայքարի մեկնարկը տալը, ինքնապաշտպանության իրականացումն ու Սյունիքում ինքնիշխանության ստեղծումն էր, որը սակայն երկար կյանք չունեցավ։
Սյունիքի ազատագրական պայքարում ռազմական մի շարք անհաջողություններից հետո Մխիթար Սպարապետը հաստատվել է Խնձորեսկ գյուղում:
1730 թ. Մխիթար Սպարապետին ու Մելիք Փարսադանին դավադրաբար սպանեցին` նրանց գլուխները կտրելով ու նվեր տալով Թավրիզի Աբդուլլահ փաշային: Հայերի դավաճանության վրա զարմացած փաշայի հրամանով գլխատվեցին նաև նրա գլուխը բերողները:
Խնձորեսկի այսօրվա բնակիչները սրբորեն հարգում են Սպարապետի հիշատակն ու հպարտանում, որ մեծ հայի մասունքներն իրենց գյուղում են ամփոփված։