10 օրվա ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կներկայացնի էներգետիկ համակարգի խոշոր խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում և պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզվի՝ դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքո՞ւմ, թե՞ եղել է տեխնիկական պատճառներով», – ասել է Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։
«Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է, 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»,– ասաց Վանեցյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում վթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը անջատվել էին: