Այսօր՝ հուլիսի 12-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում տեղի ունեցավ համալսարանի գիտխորհրդի նիստն ու ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությանը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նշանավորվեց շրջանավարտների՝ Հիպոկրատի երդումով, որից հետո տեղի ունեցավ ավանդույթ դարձած դիպլոմների հանձնման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները և այլք։
Միջոցառման սկզբում ներկայացվեց ֆակուլտետի հիմնադրման պատմությունը, անցած ուղին ու ձեռքբերումները, այդ շրջանակներում նաև համալսարանի ձեռքբերումները։
ԵՊԲՀ-ն 2018-2019 թթ․ ուսումնական տարում ունեցել է 923 շրջանավարտ, որոնցից 27-ը ռազմական բժիշկներ են:
Համալսարանի բազմաթիվ ձեռքբերումների կողքին պետք է առանձնացնել գիտության բնագավառում Հայաստանի և ԵՊԲՀ-ի հաջողությունը՝ Horizon 2020 Twinning ծրագրում հաղթող ճանաչվելն ու 1 միլիոն դոլարի դրամաշնորհի արժանանալը: Բժշկական համալսարանը ստացել է նաև միջազգային ինստիտուցիոնալ հավատարմագրում` դառնալով ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն, իսկ ԵՊԲՀ-ի դիպլոմը ճանաչվել է ևս մեկ երկրի՝ Շրի Լանկայի կողմից։
ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը կարևորեց ֆակուլտետի դերը բանակաշինության գործում՝ նշելով, որ ֆակուլտետը ռազմական բժիշկների կերտման դարբնոց է։ ՀՀ ՊՆ նախարարը հավստիացրեց, որ շրջանավարտներն անելու են առավելագույնը և նրանցից շատ մեծ սպասելիքներ ունեն։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ բժշկական համալսարանը ռազմական փառքի հիշողություն կրող է, որտեղ բուժվել են բազմաթիվ հայ հերոսներ:
Արմեն Մուրադյանը շնորհավորելով համալսարանի շրջանավարտներին՝ վստահություն հայտնեց, որ նրանք կցուցաբերեն կարգապահական, արհեստավարժ և խիզախ կեցվածք:
«Եղիր առաջինը, որովհետև առաջինը իրավունք չունի սխալվելու և վրիպելու»,- ասաց Արմեն Մուրադյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց համալսարանի շրջանավարտներին և նշեց, որ խորհրդանշական է ավարտել բժշկական համալսարանը և հագնել զինվորական համազգեստ, խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի՝ Հիպոկրատի և զինվորական ծառայության երդման ներքո:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ ոչ միայն շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը, այլև պարգևներով ու մեդալներով պագևատրվեցին համալսարանի ու ֆակուլտետի զարգացման ակունքներում կանգնած մի շարք գիտնականներ, բուժաշխատողներ, այդ թվում համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը և այլն։