Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀՊԱՀ) տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից հայտարարված՝ բուհի լավագույն շրջանավարտների աշխատանքի տեղավորման մրցույթի արդյունքների ամփոփումը:
Միջոցառմանը ներկա էին ՀՊԱՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը, ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը և այլք:
Մրցույթի արդյունքում Ազգային պոլիտեխնիկական համալսարանի 7 շրջանավարտներ այս տարվա հուլիսի 15-ից աշխատանքի կանցնեն ՀԷՑ որպես ինժեներներ:
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը նշել է, որ ուրախ կլինեն, եթե հետագայում 7 ուսանողի փոխարեն լինի 17 կամ 27։
Կարեն Դարբինյանի խոսքով, այսօր ՀԷՑ-ի աշխատակիցների միջին տարիքը 50-ից բարձր է, ուսանողների ամսական աշխատավարձը նախատեսվում է 300 հազար դրամ, ևս 200 հազար դրամ կկազմի պարգևատրման հիմնադրամ կողմից տրամադրվող գումարը։ Իրենց հմտություններին և իրավասություններին համապատասխան նոր աշխատակիցները կկարողանան ստանալ ամսական մինչև 500 հազար դրամ:
ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը շնորհավորեց շրջանավարտներին ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք ընկերության կոլեկտիվում և նշեց, որ վերականգնում ենք համալսարան-գործատու փոխգործակցության բարի ավանդույթները։
2017թ. -ից «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ պոլիտեխնիկական համալսարանում գործում են աշխարհահռչակ ֆրանսիական «Schneider Electric» ընկերության «Գերազանցության և «Կասկադ» ընկերության իննովացիոն կենտրոնները, որտեղ տեղակայված են էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակիցտեխնոլոգիական լուծումներ։
Վերոնշյալ լաբորատորիաների ստեղծման արդյունքում տասնյակ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ այսօր հնարավորություն ունեն զարգանալու և ծանոթանալու էներգետիկայի և ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին: Ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած կենտրոնները թույլ են տալիս ոչ միայն պատրաստել ապագա մասնագետներ, այլև նոր հնարավորություններ ստեղծել արդեն կայացած աշխատողների համար:
Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի խոսքով ՝ «Տաշիր» ընկերությունների ստեղծած կենտրոններն այսօր կարող են գիտության և տեխնոլոգիաների համար մեծ առաջընթաց ապահովել, ինչպես նաև նպաստել արդյունաբերական արտադրության համար գրագետ գիտատեխնիկական բազայի ստեղծմանը:
Ծրագրի շրջանակներում 2017 թ․ «Տաշիր» բարեգործական ընկերությունը կրթաթոշակներ է տրամադրում էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի, ինչպես նաև մեխանիկայի, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ֆակուլտետների բարձր առաջադիմությամբ ուսանողներին՝ տարեկան շուրջ 6000 ԱՄՆ դոլարի չափով: Մինչ օրս կրթաթոշակ է ստացել 136 ուսանող։