Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 11-ի նիստում հաստատեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 690 մլն 688 հազար դրամ հատկացնելու որոշումը։
Ֆինանսական հատկացումները կուղղվեն մի շարք հուշարձանների նորոգման և ամրակայման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը, ինչպես նաև հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրման համար։
Գումարները կհատկացվեն «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին, «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանին, «Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման նպատակով դրանց վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը, տեխնիկական վերազինմանը, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգման և ամրակայման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին գիտական սարքավորումների ձեռքբերման համար հատկացվեց 448 մլն դրամ։