Հուլիսի 10-ին 76 տարեկան հասակում կյանքից հեռացել է Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը:
Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը ծնվել է 1943թ. հունվարի 15-ին, ՀՀ Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում։
1963թ. Տաշքենդի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո Ֆելիքս Գզողյանը ծառայության է անցել ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերի հրամանատարական պաշտոններում՝ որպես տանկային դասակի, վաշտի, գումարտակի, զորամասի հրամանատար, ուսումնական կենտրոնի պետ։
1988թ. զորացրվել է խորհրդային բանակից և փոխգնդապետի կոչումով տեղափոխվել Հայաստան։ Ընդգրկվել է «Երկրապահ» կամավորական ջոկատում և մեկնել սահմանամերձ գոտի՝ որպես Իջևանի երկրապահների շտաբի պետ։
1990 թ․ նշանակվել է Երևանում կազմավորված Հատուկ գնդի հրամանատարի տեղակալ՝ շտաբի պետ։ Հետագայում տեղափոխվել է Շահումյան` Շահեն Մեղրյանի հետ Հյուսիսային Արցախի՝ Շահումյանի շրջանի պաշտպանական գործողությունների համակարգման համար։ Ղեկավարել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ազատագրումը։
1991թ. Ֆելիքս Գզողյանն իր նշանակալի ներդրումն է ունեցել Հայաստանի Պաշտպանության կոմիտեի ստեղծման գործում, այնուհետև տեղափոխվել է Արցախ։ 1992թ. փետրվարին նշանակվել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետի պաշտոնում։