Հուլիսի 6-ին կանցկացվի արդեն ավանդական դարձած թթի փառատոնը:
Փառատոնն անցկացվելու է Քարահունջ համայնքի թթի այգիներում, որի շրջանակում էլ տեղի կունենա թութ թափ տալու մրցույթ, ինչպես նաև կներկայացվի , թե ինչպես են օղի թորում, դոշաբ պատրաստում:
Փառատոնի շրջանակներում իրենց ձեռագործ աշխատանքները, ավանդական ուտեստները, թթի մուրաբան, չիրը և բերքն ու բարիքները կներկայացնեն ինչպես տեղի, այնպես էլ շրջակա համայքների բնակիչները:
Հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու այնպիսի ուտեստներ, որոնք բնորոշ են Սյունյաց աշխարհին: Այս ամենը, բնականաբար, կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով:
«Արենի Փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքերով ,փառատոնի նպատակն է բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և խթանել զբոսաշրջային արդյունքը:
«Մեր նպատակն է, որ ամեն մարզ, համայնք ունենա իր բրենդը: Թթի օղին ճանաչելիության խնդիր ունի միջազգային շուկայում, իսկ փառատոնը միջոց կհանդիսանա խմիչքը բրենդավորելու ու պրոպագանդելու համար»,- ասաց Նունե Մանուկյանը:
Նա նաև նկատեց, որ փառատոների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աստիճանաբար ավելանում է, շատերը գալիս են հատուկ որևէ փառատոնի մասնակցելու նպատակով:
«Վերջին տարիներին տուր-օպերատոները այնպիսի փաթեթներ են կազմում, որ տուրիստների այցելությունը համընկնի որևէ փառատոնի հետ»,- ասաց հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: