Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Լիբանան կատարած այցի շրջանակներում հուլիսի 3-ին հանդիպել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունի հետ։ Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրությունից։
Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր հանդիպումների ու ստացած տպավորությունների մասին և ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների ու ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի շրջանակում ստեղծված ‹‹Դասական երաժշտության բարեկամներ›› խմբի գործունեության հիմնական ուղղությունները։
Լիբանանի առաջին տիկինը ողջունել է դասական երաժշտության հանդեպ նման բարձր վերաբերմունքը և պատրաստակամություն է հայտնել համագործակցել դասական երաժշտության տարածման հարցում։
Նադյա Չամին Աունը ներկայացրել է իր գործունեությունը, պատմել իր հիմնադրած ասոցիացիայի մասին, որն աջակցում է աուտիզմով հիվանդ երեխաներին։
Նադյա Չամին Աունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում այցելել է Հայաստան և նշել է, որ շատ տպավորված է եղել Հայաստանով։
Իր հերթին Աննա Հակոբյանը Նադյա Չամին Աունին հրավիրել է Հայաստան և պատրաստակամություն հայտնել Հայաստանը ներկայացնել նրան։