Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի (CNR) նախագահ Մասիմո Ինգուշոն Դիլիջանում կայացած Մտքերի հայկական գագաթնաժողովի ընթացքում հայտնել է, որ իտալացի գիտնականների կողմից Հայաստանում կներկայացվի թվային նոր տեխնոլոգիա։
Մասիմո Ինգուշոն նշել է, որ Իտալիան մասնակցում է քվանտային նոր տեխնոլոգիաների եվրոպական հետազոտություններին, իսկ այս տեխնոլոգիաները միտված են հեռահաղորդակցությունը բոլորովին նոր մակարդակի վրա բարձրացնելուն։
Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի նախագահը կարևորել է այդ տեխնոլոգիաների օգտակարությունը գիտության, առողջապահության, կիբեռանվտանգության, գյուղատնտեսության, ինչպես նաև Հայաստանի մշակութային արժեքների պահպանման գործում։
Մասիմո Ինգուշոն նշում է, որ այս տեխնոլոգիան Հայաստանյան թանգարաններին հնարավորություն կընձեռի ամբողջ աշխարհին ավելի արագ և հեշտությամբ ցուցադրել հայկական թանգարանային հարստությունը։
Իտալացի գիտնականները իրենց պատրաստակամությունն են հայտնում հայ գործընկերների հետ նաև այլ ոլորտներում համագործակցելու ուղղությամբ։ Իտալիայի իշխանությունների համար ևս մեկ գերակա ուղղություն է ծովերի աղտոտվածության դեմ պայքարը (հիմնականում՝ կենցաղային պլաստիկի)։ Այստեղ CNR-ն հետազոտում է շատ նախագծեր աղբի վերամշակման գործում։