Գործարկվել է online.ssa.am կայքը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Գործարկել է online.ssa.am կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ»,- գրել է Բաթոյանը։
Բաթոյանը նշել է, որ կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող եք տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։
«Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը»,- նշել է նախարարը։
Բաթոյանը տեղեկացրել է, որ գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրեք, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:
«Նշենք, որ «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկը, ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է: Ուստի, Ձեր տվյալները ցանկում չգտնելու պարագայում, փորձեք դրանք վերստուգել որոշ ժամանակ անց»,- գրել է նախարարը։