«Խոսենք գլխավորի մասին» հաղորդաշարի այսօրվա հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը:
– Պարոն Պողոսյան, որքանո՞վ է հավանական ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումը:
– Շատ բան կախված է ՄԽ համանախագահող երկրների շահերից: Եթե Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը շահագրգռված չեն դրանում, ապա, իհարկե, բանակցություններ չեն լինի, քանի որ հակամարտության երեք կողմերից առնվազն մեկը՝ Ադրբեջանը, ընդհանրապես շահագրգռված չէ բանակցային գործընթացի վերսկսմամբ. Բաքուն, ինչպես գիտեք, կարծում է, որ այդ հարցն արդեն լուծված է:
Այսպես թե այնպես, կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, սակայն այսօր Հայաստանն ու Արցախը չունեն այն ուժային ռեսուրսները, որոնք ստիպելու են Ադրբեջանին վերադառնալ բանակցային գործընթացին: Միակ ինստիտուտը, որը կարող է բերել բանակցային գործընթացի վերսկսման, համանախագահներն են: Իսկ թե արդյոք նրանք այդպիսի հետաքրքրություն ու ցանկություն ունեն, ժամանակը ցույց կտա:
– Երևանն ու Անկարան հայտարարություններ են փոխանակում հարաբերությունները կարգավորելու իրենց պատրաստակամության մասին: Որքանո՞վ է դա հնարավոր, և ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել այս գործընթացը Հայաստանի համար:
– Փաստն այն է, որ Երևանը, նման հայտարարություններ անելով, չի հստակեցնում, թե իրականում ինչի մասին է խոսքը, իսկ Անկարան, հայտարարելով երկկողմ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, դնում է իր հատուկ նախապայմանները` Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և Արցախի հարցը մոռանալու… Հասկանալի է, թե ինչ ռիսկեր են պարունակում մեզ համար այդ նախապայմանները: Մենք պետք է սովորենք դասեր քաղել մեր սեփական պատմությունից և ճիշտ հաշվարկել բոլոր հնարավոր սցենարները:
Խնդիրն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, ըստ ամենայնի, պատրաստ են ընդունել Անկարայի պայմանները: Արդյունքում` կբացվեն հաղորդակցությունները, Թուրքիան կստանա սեփական միջանցքը: Բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը հստակ տեսանելի են Չավուշօղլուի և Էրդողանի հայտարարություններում, եթե գնանք «աջարացման» ճանապարհով: Մեր վարչապետը Բաթումում էր օրերս. նա գնաց այնտեղ` տեսնելու, թե ինչպես է աշխատում թուրքական օդանավակայանը, ինչպես են այնտեղ գործում թուրքական ներդրումները: Դե, ահա` ճիշտ ժամանակն է հիշելու լեգենդար Մոնթե Մելքոնյանի խոսքերը. «Եթե մենք կորցնենք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը»:
– Ի՞նչ դիրքորոշում ունի Թեհրանը Հայաստանի տարածքով միջանցք կառուցելու և, ընդհանրապես, տարածաշրջանում թուրքական ներկայության ավելացման Բաքվի և Անկարայի ծրագրերի առնչությամբ:
– Իրանն այն երկիրն է, որը միշտ ուշադիր հաշվարկում է իր շահերը: Իրանի ղեկավարության հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ իրենց համար «կարմիր գիծը» Հայաստանի ինքնիշխան սահմաններն են, ինչը նշանակում է, որ նրանք դեմ են Հայաստանի տարածքով թուրքական միջանցքի ստեղծմանը: Միևնույն ժամանակ, Իրանն այն երկիրն է, որը միշտ կարողացել է լեզու գտնել իր հարևանների` Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի հետ: Արդյո՞ք Իրանը կհամաձայնվի վատացնել հարաբերությունները երկու հարևան երկրների հետ՝ հանուն երրորդի: Ամեն դեպքում, մենք պետք է հստակ հասկանանք, որ յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր շահերով:
Իսկ մենք ի՞նչ կարող ենք առաջարկել Իրանին: Թուրքիան և Ադրբեջանը առաջարկում են իրենց սցենարները. Էրդողանի նախաձեռնությունը` ստեղծել «վեցնյակի հարթակ», համատեղ նախագծեր Ադրբեջանի և Իրանի միջև … Ադրբեջանն ուղղակիորեն հայտարարում է իր պահանջների մասին Զանգեզուրի, Սևանի, Երևանի մասին: Մենք լռում ենք, չենք ասում, որ Ադրբեջանը գրավել է Արցախի տարածքը: Մենք Իրանին չենք ասում, որ նա կարող է օգտագործել Հայաստանի տարածքը որպես տրանզիտ: Ուրեմն ինչո՞ւ Իրանը մեր փոխարեն ինչ-որ քայլեր ձեռնարկի: Այսպիսով՝ խնդիրը մեզանում է, այլ ոչ թե Իրանի:
– Ինչպե՞ս եք գնահատում 4 տարի անց ռուս խաղաղապահների՝ Արցախում ներկայության հեռանկարները, ինչպիսի՞ն կլինի Բաքվի դիրքորոշումն այս հարցում:
– Ռուսաստանը, որպես մեծ տերություն, միշտ գիտի, թե ինչպես առաջ տանել իր շահերը: Եթե ռազմական ներկայությունն Արցախում բխում է նրա շահերից, նա կգտնի դա ապահովելու միջոց: Հարցն այլ է. եթե մենք շահագրգռված ենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը երկար մնա այստեղ, մինչև Արցախի կարգավիճակի հարցը չլուծվի և չվերականգնվի հանրապետության տարածքը, ապա մենք ինքներս պետք է ակտիվորեն նպաստենք դրան:
– Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը` հայ ռազմագերիներին եւ խաղաղ բնակիչներին առանց նախապայմանների հայրենադարձելու անհրաժեշտության մասին:
– Ռուսաստանում, անցյալ տարվա նոյեմբերի 10-ից սկսած, նման հայտարարություններ մեկ անգամ չէ, որ հնչել են` տարբեր մակարդակներով: Եվ ոչ միայն Ռուսաստանում: Բայց այս հայտարարություններին պետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ: Եվ այստեղ կրկին հարց է առաջանում՝ իսկ իրականում ի՞նչ ենք մենք անում այս խնդիրը լուծելու համար: Մենք խնդիրներ ունենք նույնիսկ տերմինաբանության օգտագործման հետ կապված:
Որպես օրինակ՝ հիշեցնեմ. ադրբեջանցի զինվորը հատեց Արցախի սահմանը, նա բերման ենթարկվեց և փոխանակվեց երկու հայ տղաների հետ, ովքեր գերեվարվել էին ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքում: Եվ մենք նրանց պատանդ ենք անվանում՝ չնայած այն բանին, որ խոսում ենք ահաբեկչական գործողության մասին: Մենք պետք է ճիշտ օգտագործենք տերմինաբանությունը և աշխարհին ցույց տանք, որ մեր բանտարկյալների ազատ արձակումը մեր գերակա առաջնահերթություններից է:
– Ապագայում հնարավոր համարո՞ւմ եք հայերի խաղաղ համակեցությունը ադրբեջանցիների հետ:
– Պատմությունը մեզ շատ դասեր տվեց: Հարցն այնքան էլ այն չէ, թե ինչ իմաստ ենք դնում «համատեղ կեցություն» հասկացության մեջ, այլ այն, թե ինչպես ենք մենք տեսնում մեր երկրի, մեր պետության ապագան: Մինչ խորհրդային իշխանության հաստատումը հայերը բազմիցս կոտորվեցին: Հետո՝ խորհրդային տարիներին, 70-ամյա հանգիստ էր, սակայն, ժամանակ առ ժամանակ տարբեր միջադեպեր էին տեղի ունենում ադրբեջանցիների հետ՝ Արցախում կամ բուն Հայաստանում: Ի՞նչ եղավ հետո․․․ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ։ Եվ միշտ այդպես է եղել, դարեր շարունակ` թուրքերի այստեղ հայտնվելուց ի վեր:
– Ընտրություններից առաջ ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ այս իշխանության վերարտադրության դեպքում Հայաստանը կվերածվի թուրքական վիլայեթի: Այսօր է՞լ եք այդպես կարծում:
– Այո: Առանց ազգային գաղափարախոսության, առանց ազգային արժեհամակարգի, Հայաստանը կվերածվի թուրքական վիլայեթի: Ներկայիս կառավարությունը, ըստ էության, շարունակում է առաջին նախագահի քաղաքականությունը։ Հիշեք նրա հայտնի արտահայտությունը. «Սերգո ջան, մենք լավ չենք ապրի, քանի դեռ կա Ղարաբաղյան հակամարտությունը»: Անկյունի գլխում այսօր պետք է լինի ոչ թե սեփական ստամոքսի բարեկեցությունն ու խնամքը, այլ ազգային գաղափարախոսությունը, ազգային արժեհամակարգը` հանուն մեր ապագա սերունդների: