Armenia Today-ը արվեստի սիրահարներին է ներկայացնում Ռուսաստանի լավագույն վիրտուալ թանգարանների հավաքածուն, որոնք կարող եք այցելել ամանորյա տոներին՝ առանց տնից դուրս գալու:
Տրետյակովյան պատկերասրահ․ Ռուսաստան, Մոսկվա
Google Street View տեխնոլոգիայի միջոցով հնարավորություն կունենաք այցելել ռուսական արվեստի ամենահայտնի թանգարաններից մեկը և դիտել ականավոր ռուս նկարիչների աշխատանքները։
Էրմիտաժ․ Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ
Էրմիտաժն աշխարհի ամենաայցելվող թանգարանների տասնյակում է, ինչը զարմանալի չէ. թանգարանի հավաքածուն ներառում է երեք միլիոնից ավելի արվեստի գործեր և համաշխարհային մշակույթի հուշարձաններ՝ քարե դարից մինչև մեր օրերը:
Վիրտուալ տուրի շնորհիվ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ Էրմիտաժին, ընտրել նախընտրելի սրահը։ Ամենուր կան մեկնաբանություններ, որոնք պատմում են թանգարանում առկա մշակութային արժեքների մասին։ Էրմիտաժում վիրտուալ շրջագայությունը կարող է անգամ օրեր տևել։
Ա․ Ս․ Պուշկինի անվան Գեղարվեստի պետական թանգարան․ Ռուսաստան, Մոսկվա
Թանգարանի ցուցասրահները բաց են վիրտուալ զբոսանքների համար երկու ձևաչափով․ առաջինը բարձրորակ ֆոտոպանորաման է՝ ինտերակտիվ ցուցանմուշներով, հագեցած լսարաններով և ցուցանմուշներին վերաբերող տեքստային բացատրություններով։ Երկրորդը շարժական դիտման համար նախատեսված 3D զբոսանքի տարբերակն է՝ VR ակնոցներով։
Պուշկինի անվան թանգարանում վիրտուալ էքսկուրսիաներ ստեղծած մասնագետները փորձել են անել ամեն ինչ, որ տուրերը հագեցած լինեն բարձր տեխնոլոգիական միջոցներով և ներառեն բազմաթիվ տարբերակներ։ Օրինակ է տեքստային ու ձայնային մեկնաբանությունների ընտրությունը։
Միխայիլ Բուլգակովի թանգարան․ Ռուսաստան, Մոսկվա
Միխայիլ Բուլգակովին նվիրված թանգարանի բացումը տեղի է ունեցել 2007 թվականին։ Թանգարանը բացվել է այն տարածքում, որտեղ Բուլգակովն ապրել է մի քանի տարի։ Այդ վայրը «Վարպետը և Մարգարիտան» վեպում նկարագրվող «վատ բնակարանն» է։ Գրողի բոլոր երկրպագուներն այժմ հնարավորություն ունեն վիրտուալ մուտք գործել նրա աշխատասենյակ, ծանոթանալ արխիվային լուսանկարներին։ Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան երեք հազար ցուցանմուշ, որոնց թվում գրողի անձնական իրերն են, փաստաթղթերն ու անտիկ կահույքը։
Պատմության թանգարան․ Ռուսաստան, Մոսկվա
Թանգարանը նվիրված է Ռուսաստանի պատմությանը և մշակույթին, ներառում է ցուցանմուշներ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Այստեղ ավելի քան 4,5 մլն թանգարանային նմուշ կա։ Վիրտուալ թանգարանն առաջարկում է բարձրորակ վիրտուալ շրջագայություն։
Մոսկվայի տիեզերագնացության թանգարան
Թանգարանի ստեղծման մտահղացումը պատկանում էր հրթիռների ու տիեզերական ապարատների գլխավոր կոնստրուկտոր Ս. Պ. Կորոլյովին։ Թանգարանը հանդիսավոր կերպով բացվել է 1981 թվականի ապրիլի 10-ին՝ դեպի տիեզերք թռիչքի 20-ամյակի կապակցությամբ։
Թանգարանի ֆոնդերում խնամքով պահվում են տիեզերական տեխնիկայի նմուշներ, հրթիռատիեզերական ոլորտի գործիչների անձնական իրեր, արխիվային փաստաթղթեր, կինո, ֆոտոնյութեր և այլն։ Վիրտուալ կարող եք քայլել թանգարանի մի քանի սրահներով, ինչպես նաև դիտել մի քանի առցանց ցուցահանդեսներ:
Պետերգոֆ․ Սանկտ Պետերբուրգ
Առաջին բանը, որ տեսնում է Պետերգոֆի վիրտուալ այցելուն, թռչնի թռիչքի բարձրությունից ամբողջ արգելոց-թանգարանի հիանալի համայնապատկերն է: Վիրտուալ զբոսանքի հեղինակներն արգելոցը բաժանել են մի քանի գոտիների, որոնցից յուրաքանչյուրը կարելի է դիտարկել բոլոր կողմերից, այդ թվում ՝ վերևից՝ հիանալով պալատներով, ծառուղիներով և շատրվաններով՝ իրենց ողջ գեղեցկությամբ: Տեսարանն իսկապես գրավիչ է և անմիջապես կարող է տպավորել պետերբուրգցիներին, նաև նրանց, ովքեր երբեք Պետերգոֆում չեն եղել։
Տուրը ներառում է Ֆոտոալբոմ, ընտրված կետերին մոտենալիս կարելի է տեսնել տվյալ օբյեկտի անվանումը և լուսանկարները։ Բացի այդ, թանգարանը մուլտիմեդիա նախագծեր է պատրաստել, որոնք տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ եզակի վիրտուալ էքսկուրսիաներ են՝ նվիրված արգելոց-թանգարանին։