ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ 2021 թ. մարտի 3-ին կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, տաղանդավոր թավջութակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մեդեա Վարդանի Աբրահամյանը։
Նա հայ երաժշտարվեստի երախտավորներից է, ում հարուստ և բովանդակալից
ստեղծագործական կյանքն արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է:
Մեդեա Աբրահամյան երաժշտի ճակատագրի առաջին կանխագուշակը եղել է կոմպոզիտոր,
հասարակական գործիչ, կոնսերվատորիայի առաջին ռեկտոր Ռոմանոս Մելիքյանը։
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանն իր
մասնագիտական գիտելիքները փոխանցում էր Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ տալով
բազմաթիվ շրջանավարտ-դափնեկիրներ։ Պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական և կառավարական բարձր պարգևների։ Նրա պայծառ հիշատակը վառ կմնա գործընկերների, մտերիմների, երաժշտասեր հասարակության սրտերում: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Մեդեա Աբրահամյանի հուղարկավորության
կազմակերպման հանձնաժողով:
Մեդեա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես
եկեղեցում մարտի 5-ին՝ ժամը 18:00-20:00: Վերջին հրաժեշտը կկայանա «Արամ Խաչատրյան»
համերգասրահից մարտի 6-ին` ժամը 11:00-13:00, հուղարկավորությունը` Երևանի կենտրոնական գերեզմանատանը։