ԱՄՆ-ում դաշնային դատախազները պահանջում են առգրավել հռոմեական արձանը, որը գնվել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի անունով։ Այս մասին հաղորդում է NBC News-ը: Համապատասխան հայցն անցյալ շաբաթ ներկայացվել է Լոս Անջելեսի դաշնային դատարան:
Հույն քանդակագործ Միրոնի արձանի կրկնօրինակի մի կտոր դեռ 2016 թվականին մաքսավորները հայտնաբերել էին Լոս Անջելեսի նավահանգստում։ Masterpiece International ընկերության բրոքերը, որը զբաղվում է արվեստի գործերի փոխադրմամբ, մաքսավորներին է փոխանցել արձանի գնման փաստաթղթերը:
ԱՄՆ-ի իշխանությունները, դիմելով իտալացի հնագետի փորձաքննությանը, հանգել են այն եզրակացությանը, որ քանդակն անօրինական ճանապարհով է Իտալիայից բերվել ԱՄՆ: Միևնույն ժամանակ, դատական փաստաթղթերում ոչինչ չի ասվում Քարդաշյանի կողմից որևէ խախտման մասին։
Քարդաշյանի մամուլի քարտուղարը բրիտանական Daily Mail թերթին հայտնել է, որ Քարդաշյանը մինչ օրս չգիտեր, որ արձանը գնվել է իր անունով։
«Մենք կարծում ենք, որ այն, հնարավոր է, գնվել է նրա անունով՝ առանց թույլտվության, քանի որ արձանն այդպես էլ չի հասել Քիմին։ Նա գործարքի մասին ոչինչ չի իմացել»,-պարզաբանել է մամուլի քարտուղարը։