ԱՄՆ Պետքարտուղարությունը մատնանշել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու, Կանաչ ժամի և Մեխակավանի Սբ․ Աստվածածին եկեղեցու դեմ վանդալիզմը։
Հղում անելով ու մեջբերելով հայկական ԶԼՄ-ների հրապարակումները՝ Պետքարտուղարությունը կրոնական ազատության մասին իր զեկույցի մեջ նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները միտումնավոր հարձակվել են պատմական, կրոնական և մշակութային նշանակության հուշարձանների վրա:
«Եղել են նաև տեսագրություններ, որոնցում զինվորները պղծել և վնասել են Մեխակավան գյուղում գտնվող Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին, այդ թվում՝ կոտրել են եկեղեցու խաչը»,-ասված է զեկույցում։
Զեկույցում շեշտվել է, որ, հայկական կողմի խնդրանքով, ռուս խաղաղապահները պահպանության ներքո են վերցրել Դադիվանքը․ «Նախագահ Ալիևի հանրային ելույթը, թե Քարվաճառի եկեղեցիները պատկանում են աղվանական հին պետությանը, հայերի շրջանում մտահոգություն է առաջացրել, որ Ադրբեջանը կարող է փորձել խաթարել որոշ կրոնական վայրերի կապն իրենց հայկական ժառանգության հետ»։
Հիշեցնենք, որ հայկական կողմը մի քանի անգամ դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ին, որ գոնե Ադրբեջանի տիրապետության տակ մնացած թանգարանային նմուշները, հայկական պատմամշակութային կոթողները, եկեղեցիներն ու մշակութային ժառանգությունը փրկելու հարցով։