Այսօր Հայաստանում անց է կացվում «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Մինչև կեսգիշեր միջոցառմանը մասնակից հայաստանյան թանգարաններն իրենց դռները կբացեն այցելուների առաջ:
Սա մոգական տոն է բոլոր նրանց համար, ովքեր ոգեշնչվում են արվեստով ու նաև նրանց համար, ովքեր առօրյա կյանքի եռուզեռում չեն հասցնում այցելել իրենց նախընտրած թանգարանը կամ ցուցասրահը:
Ինչպես Armeniatoday-ի պատրաստած տեսանյութում ասում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը, այս իրադարձությունը, որը բրիտանացիները կկոչեին «Win-win situation», բոլորի համար է օգտակար:
«Սա շատ բարի և լավ միջոցառում է։ Սա մի վիճակ է, որը բոլորը կրում են, որտեղ պարտվողներ չկան՝ և՛ թանգարանի աշխատողները, և՛ այցելուները»,- հավելեց Մարկ Գրիգորյանը։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ևս կարևորում է նման նախաձեռնությունը։
«Շատ եմ կարևորում այս ակցիան՝ հաշվի առնելով հանրության մեջ իշխող տագնապները։ Արվեստն այդ լարվածությունը լիցքաթափում է»,- նկատեց նա։
Վայելեք մեր մայրաքաղաքի արվեստի մթնոլորտը ու հիշեք, որ թեև այս օրերն այնքան էլ լուսավոր չեն մեզ համար, սակայն հայերը եղել են, կան ու կմնան ստեղծագործող ու արարող ժողովուրդ: