Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 – ամյակին նվիրված «Տասը հեքիաթներ», «Թումանյան-150», «Լուսավոր Թումանյան» գրքերի շնորհանդեսի ժամանակ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը հայտարարել է, որ ՀՀ դեսպանությունը բանակցություններ է վարում Թբիլիսիի երևանյան զբոսայգում Հովհաննես Թումանյանի արձանի տեղադրման հնարավորության շուրջ։ Այս մասին հայտնում է Արմենպրեսը:
«Մենք ցանկանում ենք այս տարի Թբիլիսիում անպայման տեղադրել Թումանյանի արձանը։ Մենք ունենք քաղաքապետարանի նախնական համաձայնությունը, բայց դրա հետ կապված կան նաև որոշակի խնդիրներ։ Երևանյան պուրակը, որտեղ տեղադրվելու է հուշարձանը, մի քանի մարդու սեփականությունն է,և հիմա մենք փորձում ենք բանակցել սեփականատերերի հետ և անպայման հենց այնտեղ տեղադրել Թումանյանի արձանը: Կարծում եմ ՝ ճիշտ չի լինի, որ Թբիլիսիում չլինի Թումանյանի արձանը», – եզրափակել է Սադոյանը: