Ռուս մեծանուն նկարիչ Միխայիլ Վռուբելի 165-ամյակի և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակի շրջանակում հուլիսի 1-ին Ռուսական արվեստի թանգարանում բացվեց «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը: Առաջին անգամ ներկայացվեցին հեղինակի բոլոր աշխատանքները, որոնք առկա են Հայաստանում։
Ցուցահանդեսում ընդգրկված 13 ստեղծագործությունից 9-ը Հայաստանի ազգային պատկերասրահի, իսկ 4-ը` Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդերից են։ Այդ գործերը Վռուբելին ներկայացնում են, որպես գեղանկարիչ, բեմանկարիչ, գծանկարիչ և քանդակագործ։
«Սա կարևոր իրադարձություն է, քանի որ առաջին անգամ Հայաստանում նշում ենք ռուս մեծ նկարչի հոբելյանը: Մեկ հարկի տակ հավաքել ենք հեղինակի ստեղծագործությունները և՛ Հայաստանի ազգային պատկերասրահից, և՛ Աբրահամյանի հավաքածուից: Սա լավագույն միջթանգարանային համագործակցությունն է, և ցուցադրությունը հետաքրքիր է կոնցեպտուալ առումով. գունային լուծումները, համադրողական տեքստերը: Ցուցանմուշներին կից ներկայացված են մեծանուն արվեստագետների և հենց հեղինակի կարծիքն իր գոծերի մասին»,- նշել է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը: