Նոյեմբերի 21-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կկայանա Վահե Յանի «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմի շնորհանդեսը:
Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության Միջոցառումների կազմակերպման և արտաքին կապերի բաժնից Armenia today-ին տեղեկացրին, որ Մարտունի քաղաքում նոյեմբերի 20-ին արդեն կայացել է ֆիլմի ցուցադրությունը, իսկ Մարտակերտում այն ցուցադրվելու է նոյեմբերի 22-ին:
Հավելենք, որ ֆիլմի երևանյան շնորհանդեսը կայացել է սեպտեմբերի 27-ին:
Վավերագրական ֆիլմը Academy Films, Associated Television International և Blitz Films ընկերությունների համատեղ արտադրանքն է։
«Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը յուրատեսակ ճամփորդություն է դեպի սեփական ակունքներ։
Ֆիլմը ցույց է տալիս Արցախի տեսանելի և թաքնված գեղեցկությունները` պատմամշակութային կոթողները, գողտրիկ անկյունները, քարանձավերը, բարձրադիր ժայռերը, ամրոցներն ու վանքերը` որպես հազարամյա պատմության խոսող մագաղաթներ: Ֆիլմում հատկապես մեծ ուշադրություն է հատկացվում հոգևոր համալիրներին, վանքերին, հնամյա խաչքարերին և քրիստոնեական խորհրդանիշներին:
Մոտ մեկ ժամ տևող ճամփորդությունը բացահայտում է հին, ներկա և նույնիսկ ապագա Արցախը` փոքրիկ հողակտոր, որը հարուստ է հազարամյա պատմությամբ, մշտական պայքարով, ցավով, կորուստներով, սակայն և անկոտրում ոգով: