Հուլիսի 31-ին գրքի փառատոնի շրջանակում մշակութային գործիչ, դերասան Բաբկեն Չոբանյանը «Զանգակ» գրատանը կընթերցի հայ ճանաչված գրող Վիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» յուրօրինակ պատմվածքը։ Այս մասին տեղեկանում ենք «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։
«Սիրելի և հանրահայտ գրողը շատ ցուրտ սենյակում այդպես էլ չկարողացավ վառել և ոչ մի գիրք, որպեսզի տաքանար և թղթին հանձներ հերթական գլուխգործոցը։
Փոխարենը ծնվեց «Ցուրտ օրը»․․․
Սիրելի սարոյանասերներ, եկեք քննարկենք, թե ինչ էր վերջիվերջո ուզում գրել Սարոյանը, որ այդպես էլ չգրեց»,-նշվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Նկարիչների միության շենքում մեկնարկել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Փառատոնն այս տարի կրում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի 125-ամյակին ընդառաջ:
Փառատոնին նախատեսված միջոցառումները կոչված են ընթերցողին նախապատրաստելու դեպի գիրքը, ավելի ճանաչելի դարձնելու թե՛ հրատարակչին, թե՛ թարգմանչին և թե՛ գրողին: Որպես կարևոր ցուցանիշ և ձեռքբերում, արձանագրված է այն, որ փառատոնի շրջանակում վաճառվել է շուրջ 15000 գիրք: