Գրքի երևանյան չորրորդ փառատոնի 2-րդ օրն է. Աբովյան փողոցը կրկին բազմամարդ էր։ Փառատոնի շրջանակում տեղի են ունեցել մի շարք գրքերի շնորհանդեսներ։ Բանախոսները՝ գրականագետները, հրատարակիչներն ու անձամբ հեղինակները ընթերցողներին են ներկայացրել գրքերը, թե՛ ստեղծագործական, թե՛ թարգմանության ընթացքը, կարդացել են հատվածներ։ Շնորհանդեսներն ընթացել են ինտերակտիվ միջավայրում. այցելուները բանախոսներին են հղել իրենց հուզող հարցերը գրքերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Իսկ ահա Նիլ Գեյմանի «Քորլայն» գրքի քննարկմանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հատուկ փոքրիկ այցելուների համար պատրաստված թեմատիկ տաղավարում կերպավորել են գրքի հերոսներին։ «Դիտել ենք մուլտֆիլմը և շատ ենք հավանել։ Գիրքն էլ անպայման կկարդանք ու կհամեմատենք»,- իրենց առաջիկա անելիքի մասին են պատմել դպրոցահասակները։
Եթե Նկարիչների միությունում մեկը մյուսի հետևից ներկայացվում էին նոր տպագրված գրքերը, «Զանգակ» գրատանը ընթերցողների մեկ այլ հատված մասնակցում էր գրքերի քննարկումների։ Հետաքրքրասեր մի խումբ փոքրիկներ հանդիպել են «Վիշապաքարի գաղտնիքը» մանկապատանեկան գրքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանին, նրա և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ քննարկել Վահագնի ու վիշապների արկածային ու առասպելական ճանապարհը։ Գրական օրն ամփոփվել է «Մոսկվա» կինոթատրոնում՝ քննարկելով «Կինո և գրականություն․ Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան» թեման։
Հիշեցնենք, որ փառատոնի փակումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 19:00-19:30-ին։