Հայկական քանդակագործությունը, սկիզբ առնելով հնագույն ժամանակներից և անցնելով պատմական տարբեր փուլերով,գրավել է իր ուրույն տեղը հայ ճարտարապետության մեջ։
Այժմ մայրաքաղաք Երևանում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել քանդակների, որոնց ծագման մասին մեծամասամբ տեղեկություններ չունեն քաղաքացիները։
Ձեզ ենք ներկայացնում Օղակաձև զբոսայգու գողտրիկ անկյուններից մեկում կանգնած մի արձան, որի ստեղծման պատմությունը բավականին հետաքրքիր է և խորհրդանշական։ Արձանի անունն է «Սպասում»։
«Սպասում» արձանի մանրակերտը նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանը կերտել է 1930-ականներին՝ գիպսից: Նրա ծննդյան 90-ամյակի առթիվ 1989թ. դեկտեմբերի 29-ին ՀԽՍՀ կառավարությունը որոշեց Օղակաձև զբոսայգում տեղադրել «Սպասում» արձանը։
Արձանի ստեղծման աշխատանքները (ձուլում, տեղադրում) իրականացրին քանդակագործի զավակները (Սուրենը և Աննան) և 1999-ին Թարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ «Սպասում» բրոնզաձույլ արձանը նվիրեցին քաղաքամայր Երևանին:
«Սպասում» դեկորատիվ արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2000թ. հուլիսի 29-ին Օղակաձև զբոսայգում։ Բացմանը խոսք ասացին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը, քանդակագործի որդին` Սուրեն Թարյանը:
Այս արձանի գիպսե կաղապարը տեղադրվել է Խարբերդի ճանապարհին:
2002 թվականին բրոնզաձույլ արձանի ձախ ոտքի մի մասը «մետաղակեր» վանդալները կտրեցին և տարան: Արձանը վերականգնեց ճանաչված դրվագող Ներսես Չարախչյանը Սուրեն Թարյանի նախաձեռնությամբ և միջոներով:
Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, բարձրությունը 1,8 մ է։
Արձանն առաջին հայացքից տպավորվում է իր խորհրդավորությամբ և անչափ համահունչ է այն անվանը, որը կրում է։