Հայ մեծանուն գրող Պարույր Սևակը հայտնի է իր հանճարեղ բանաստեղծական տողերով, որոնք իր մահվանից հետո անգամ չդադարեցին մնալ թևավոր խոսքեր։ Սակայն քչերը գիտեն, որ ականավոր բանաստեղծը հեղինակել է նաև մի վեպ, որը երկար ժամանակ եղել է անհայտության մեջ և միայն 2015 թվականին է լույս տեսել և նվիրվել գրողի 90 ամյակին։
Արխիվային նյութերը վկայում են, որ վեպ, արձակ գրելու ցանկություն Սևակն իր նամակներից մեկում հայտնել է դեռևս 1942 թ.-ին: 1948-1949 թվականներին որոշել է թեման, նույնիսկ շարադրել 14 էջ, ընտրել է վերնագիրը՝ «Ամանեջ», ապա միայն 1954-ից սկսել լրջորեն աշխատել վեպի վրա: 1955-ին նույնիսկ մշակել, մաքրագրել է վեպի սկիզբը, շուրջ 150 էջ, հետո շարունակել է սևագրել:
1957-ից հետո միայն նյութեր է հավաքել, բայց այլևս չի շարադրել: Վեպը փաստացի անավարտ է, սակայն տեքստը պատրաստել և ծանոթագրել է Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սևակ Ղազարյանը ՝ Պարույր Սևակի թոռը, և խմբագրել է Արմեն Ղազարյանը՝ Պարույր Սևակի որդին:
Վեպի միայն առաջին մասն է ավարտուն և բաղկացած 7 գլուխներից։ 1940-ականների վերջերից հղացված, 1955-ին մաքրագրված սկզբնամասով այս վեպը, հիրավի, նոր խոսք էր հետպատերազմյան, ավելին՝ խորհրդային շրջանի մեր վիպագրության մեջ:
Վեպի վերնագիրն այն գյուղի վերնագիրն է, որտեղ ծավալվում են վեպի գործողությունները։ Ամանեջը Ամանամեջի կարճ տարբերակն է։ Գյուղը կարծես տեղավորված լինի փոքրիկ ամանի մեջ և այդտեղից էլ ծագում է անվանումը։
Վեպը, ցավոք սրտի, անավարտ է, սակայն դրանից չի տուժում ասելիքը, Պարույր Սևակն անգամ իր անավարտ տողերում կարողացել է արտահայտել սեփական հուզումները և ստանալ «մարդակենտրոն» արձակ: