20-րդ դարի խոշորագույն նկարիչ, ամերիկահայ Արշիլ Գորկին (հայկական անունը՝ Ոստանիկ Մանուկ Ադոյան ) համարվում է աբստրակտ – մոդեռնիզմի և աբստրակտ- էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Արշիլ Գորկու նկարները ներկայացված են ԱՄՆ հանրահայտ պատկերասրահներում և Բրիտանական հայտնի «Թեյթ» պատկերասրահում։
Արշիլ Գորկին ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915 թվականի Մեծ Եղեռնի ընթացքում ապագա նկարիչը փախել է մոր հետ։ Հասնելով Երևան, մի քանի տարի անց՝ 1919 թվականին, սոցիալական վատ վիճակում լինելով, Գորկու մայրը մահանում է սովից, իսկ տղան հաջորդ տարի՝ 1920 թվականին մեկնում է ԱՄՆ՝ հոր մոտ։
Գորկու անվան ընտրությունը կապված է այն փաստի հետ, որ Արշիլի սիրելի գրողը ռուս դրամատուրգ, սոցիալական-ռեալիզմ ուղղության հիմնադիր Մակսիմ Գորկին է, ում ազգանունն էլ վերցրել է նկարիչը։ Արշիլը հետագայում պնդում էր, որ ինքը և Մաքսիմ Գորկին ազգականներ են, սակայն դա անհնար է, որովհետև Մաքսիմ Գորկին ևս փոխել է իր անունը և ազգանունը։
Արշիլ Գորկու հանրահայտ նկարներից մեկն է «Նկարիչը և իր մայրը»։ Տեղափոխելով հոր մոտ՝ մի անգամ Արշիլը հոր իրերը նայելիս գտնում է մի լուսանկար, որտեղ ինքն է և իր մայրը։ Լուսանկարն արվել է 1912 թվականին։ Տեսնելով այն, նկարիչը որոշում է հետագայում վերարտադրել այն կտավի վրա։ Նկարը մեծ հռչակ է բերում Արշիլ Գորկուն։
Կա նկարի երկու տարբերակ, որոնցից առաջինն արվել է 1926-1936 թթ․ ընթացքում և այժմ գտնվում է Նյու-Յորքի թանգարաններից մեկում, իսկ երկրորդը ՝ մինչև 1942 թվականը և գտնվում է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում։ Նկարների տարբերությունն այն է, որ առաջինում նկարչի մոր դեմքը երիտասարդ է, իսկ երկրորդում՝ ծերացած։
Արշիլ Գորկին ողջ կյանքում կրեց իր մեջ ցեղասպանված ժողովրդի ցավը։ Մի առիթով, իր քրոջն ուղված նամակում, տաղանդաշատ նկարիչն ասում էր․
«Թուրքերի ձեռքերին հայ ազգի արյունն է, աչքերիս առաջ մահվան ճանապարհն է, մեր մահացող բարեկամներն ու ընկերները, ձեռքերիս վրա սովամահ եղած մայրս, սիրելի քույր Վարդուշ, իմ սիրտը գալարվում է ցավից անգամ հիմա, երբ գրում եմ այս մասին»: