75 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Յուրի Հարությունյանը ծնվել է 1944 թվականի մարտի 25-ին Կիրովաբադում: 1972 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1967 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես երաժշտական ձևավորող, ապա երաժշտական խմբագիր: Հեղինակել է ավելի քան 70 ֆիլմերի երաժշտություն. «Մարդն Օլիմպոսից», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Զինվորն ու փիղը», «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում», «Մեր պապերի քայլերգը», «Սիրամարգի ճիչը», «Անիծվածները», «Ձայն բարբառոյ», «Ուրախ ավտոբուս», «Օգոստոս», «Ռեքվիեմ», «Խենթ հրեշտակը», «Հերոստրատ», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլն:
Յուրի Հարությունյանը 2012 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման և «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին: