Պատանի հանդիսատեսի թատրոնը օրերս է վերադարձել Վրաստանի Ախալցիխե քաղաքից, որտեղ մասնակցել է Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» նախագծի հոբելյանական միջոցառմանը:
Թատրոնի մասնակից դերասանական կազմը Տերյան մշակութային կենտրոնի, «Կարին» ավանդական պարի համույթի, «Շողակն» անսամբլի և ԵՊՀմշակույթի բաժնի հետ միասին Ռաբաթ ամրոցում ներկայացրել է Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը:
Ինչպես նշել է ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը, մշակութային նման միջոցառումների մասնակցելը կարևոր է թատրոնի համար. «Ցանկացած տեսակի միջոցառում, փառատոն, հյուրախաղ կարևորում ենք: Առաջիկայում ունենք ներհանրապետական հյուրախաղեր, իսկ այս մեկը շատ լավ առիթ հանդիսացավ, որ թատրոնը մասնակցի ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանական միջոցառմանը: Գաղտնիք չէ, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը ևս անդրադարձել է Թումանյանի հոբելյանական տարվան ու այս տարի վերականգնել է «Շունն ու կատուն» երաժշտական
հեքիաթը»:
Դավիթ Հարությունյանը հավելեց նաև, որ Տերյան մշակութային կենտրոնի հետ թատրոնի համագործակցությունը շատ կարևոր և արդյունավետ էր. «Մեզ միացան «Կարին» համույթը, «Շողակն» անսամբլը և ԵՊՀ մշակույթի բաժնի երիտասարդները: Հրաշալի վայրում կազմակերպված թատերայնացված համերգով հավուր պատշաճի ներկայացանք Ջավախքի հայությանը: Միահյուսված էին ազգագրական երգն ու պարը, ասմունքն ու տարազը՝ պոեմի մեր մեկնաբանությամբ: Սա ճամփորդություն էր, որն իր մեջ ինչ-որ չափով կրում էր նաև առաքելություն»: