«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կարևոր իրադարձություն է Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման առումով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3 -ին կայացած ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը:
Նշենք, որ փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 3-10-ը: Խզմալյանը նշել է՝ երկրորդ տարին է, ինչ փառատոնն անցկացվում է ծանր պայմաններում ՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով և պատերազմի հետևանքներով:
«Ուրախ եմ, որ չնայած այս բոլոր դժվարություններին՝ փառատոնը պատշաճ մակարդակով անցկացնելու կամք կա»,- նկատել է Խզմալյանը:
Կինոփառատոնի մասնակիցների թվում կլինեն աշխարհահռչակ կինեմատոգրաֆիստ և սցենարիստ Պոլ Շրյոդերը՝ Մարտին Սկորսեզեի կուլտային ֆիլմերի («Տաքսիստը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը») սցենարիստը։ Շրյոդերը նկարահանել է մոտ 20 ֆիլմ, այդ թվում՝ Ռիչարդ Գիրի մասնակցությամբ «Ժիգոլոն»։ Նրա վերջին ֆիլմը՝ «Խաբեբան», առաջադրվել է Վենետիկի՝ օրերս ընթացող կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար:
Հոկտեմբերին Շրյոդերը կժամանի Երևան, փառատոնի շրջանակներում կցուցադրվեն նրա ֆիլմերը, նաև վարպետության դասեր կտա: Փառատոնի հյուրերից է նաև իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդը, որի «Հոմանիշներ» ֆիլմը շահել է Բեռլինի կինոփառատոնը: Երևանյան փառատոնին սպասվում է նաև հունգարացի հայտնի ռեժիսոր Կորնել Մունդրուցոյի ներկայությունը: