Ձեռնարկվում են բոլոր քայլերը Շուշիում հայկական մշակութային արժեքների պահպանման համար։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Հնարավոր է եղել ամենաբարձր մակարդակով դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին նման հարցերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ներքո լուծելու համար։ Մեր հանդիպումները միջազգային տարբեր կառույցների ներկայացուիչների հետ բավականին հաճախակի էին, բոլոր հանդիպումներում կարմիր թելով անցնում է մշակութային ժառանգության խնդիրը։ Ցուցակում ներառված են շուրջ 4000 անուն հուշարձաններ»,- հայտարարեց նախարարը։
Նախարարն ընդգծեց, որ քննարկումներն իրականացվում են այն արտասահմանյան պաշտոնատար անձանց հետ, որոնք կարող են ազդեցություն ունենալ խնդրի լուծման վրա։
«Այստեղ կան լուրջ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, և մենք ամենօրյա ռեժիմով հարցը բարձրացնում ենք, այն մեր ուշադրության կենտրոնում է»,- ընդգծեց Դումանյանը։
Հարցի հեղինակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանին չբավարարեց ԿԳՄՍ նախարարի պատասխանը, ով մատնանշեց, որ պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկվեն մշակութային իրավունքների պաշտպանության համար։