Այսօր ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ծննդյան օրն է:
Հետաքրքիր փաստեր
- Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ձախլիկ էր։
- Որպես օդաչու աշխատելու տարիներին Էքզյուպերին ենթարկվել է 15 ավիավթարի։
- Անտուան դը Սենտ-Էքզյուպերին կատարելապես տիրապետում էր խաղաքարտերով աճպարարության արվեստին։
- Ավիացիայի բնագավառում կատարել է մի շարք հայտնագործություններ, որոնց համար հավաստագրեր է ստացել։
Էքզյուպերին ընթերցողին առավելապես հայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով, որտեղ կերպարը հեղինակն ինքն է և վիպակը համարվում է առավելապես ինքնակենսագրական:
Այն հրատարակվել է 1943թ-ին և համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը: Թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել է ավելի քան 80 միլիոն տպաքանակով: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է նաև հայերեն:
Մեջբերումներ՝ գրքից
- Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:
- Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:
- …Այսպես ես ապրում էի մենության մեջ, և մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի…
- Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:
- Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:
- Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում…
- Ես փորձում եմ պատմել նրա մասին, որպեսզի հանկարծ չմոռանամ նրան:
- Մի օր ես քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է մայր մտնում արևը: – Գիտես…երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը: – Ուրեմն այն օրը,երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը շատ էիր տխուր:
- – Փշերը որ մի բանի էլ պետք չեն, ծաղիկները չարությունից են փուշ հանում:
- Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:
- Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լինի բարեկամներ վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն: Եթե ուզում ես բարեկամ ունենալ, ընտելացրու ինձ
- Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
- Միայն սիրտն է սրատես: Ամենագխավորը աչքով չես տեսնի:
- Ես սիրում եմ, երբ իմ ձախորդություններին լուրջ են վերաբերվում:
- Եթե ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա…
- Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետեվ դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:
- Մարդիկ մոռացել են այն ճշմարտությունը: Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար:
- Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:
- Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք:
- Թագավորները աշխարհին շատ հասարակ հայացքով են նայում: Նրանց համար բոլոր մարդիկ հպատակներ են:
- Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի:
- Շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը…
ՈՒշագրավ են նաև գրողի Մահվան հանգամանքները:
Երկար ժամանակ նրա մահվան մանրամասները հայտնի չէին։ Եվ միայն 1998 թվականին մի ձկնորս Մարսելի մոտ՝ ծովում, գտնում է թևնոց։
Դրա վրա կա մի քանի գրություն՝ «Antoine», «Consuelo» (այսպես էր նրա կնոջ անունը) և «c/o Reynal & Hitchcock, 386, 4th Ave. NYC USA»։
Դա այն հրատարակչության հասցեն է, որտեղ լույս էին տեսնում նրա գրքերը։ 2000 թվականի մայիսին ջրասուզակ Լյուկ Վանրելը հայտարարում է, որ 70-մետր խորության վրա հայտնաբերել է ինքնաթիռի մնացորդներ, որը, հնարավոր է, պատկանում է Սենտ-Էքզյուպերիին։
Ֆրանսիայի կառավարությունը արգելում է որևէ հետազոտություն կատարել այդ տարածքում։ Թույլտվությունը ստացվում է միայն 2003 թվականին: Փորձագետները բարձրացնում են ինքնաթիռի բեկորները։ Նրանցից մեկը օդաչուի խցիկն էր։ Ըստ Ամերիկյան ռազմական արխիվների գիտնականները համեմատել են բոլոր ինքնաթիռների համարները, որոնք անհետացել են այդ ընթացքում։ Այսպիսով, պարզվել է, որ ինքնաթիռի խցիկի սերիական համարը համապատասխանում է այն ինքնաթիռին, որը ԱՄՆ օդուժում նշված էր 42-68223 համարով, այսինքն՝ օդանավը ֆոտոհետախուզական ինքնաթիռ էր, որը վարում էր Սենտ-Էքզյուպերին։
1944 թվականի հուլիսի 31-ին Լյուֆտվաֆֆեի տեղեկագրերում այդ տարածքում խփված ինքնաթիռների մասին գրառումներ չեն գտնվում, նաև գտնված բեկորների վրա՝ կրակի ակնհայտ հետքեր չեն լինում։ Այդպիսով՝ վթարի բազմաթիվ տարբերակներ առաջադրվեցին, ինչպես օրինակ՝ տեխնիկական անսարքությունը, օդաչուի ինքնասպանությունը։
Ըստ մամուլի 2008 թ. մարտի հրապարակումների, Լյուֆտվաֆֆեի 86-ամյա գերմանացի վետերան Հորստ Ռիպպերտը, «Յագդգրուպպե 200» էսկադրիլիայի օդաչուն, ասել է, որ հենց ինքն է իր ինքնաթիռով կործանել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ինքնաթիռիը։ Ըստ նրա հայտարարության՝ ինքը չի իմացել, թե ով է եղել ինքնաթիռի ղեկին։
Այն մասին, որ խփված օդանավի օդաչուն Սենտ-Էքզյուպերին էր, գերմանացիներին հայտնի է դարձել, այդ օրերին ռադիոէլեկտրոնային հետախուզությունից՝ Ֆրանսիական օդակայանների բանակցությունները լսելով: