Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին, ЗИЛ մակնիշի բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, և կան կասկածներ, որ մեքենայի տակ քաղաքացիներ կան։
Փրկարարները բժիշկների և ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դարձի են բերել ավտոմեքենան և այնտեղից դուրս բերել 2 դի, որոնք շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։
Աղբյուրը հայտնում է, որ բեռնատարում եղել են գառներ, որոնց մի մասը սատկել է։