Հայաստանի ազգային գրադարանը արձագանքել է այն տեղեկություններին, ըստ որոնց՝ ածխացել են գրադարանի սպասարկող կայանները (սերվերները), որոնցում պահվում են շտեմարաններ. «Մայիսի 10-ին ինտերնետ կապի խափանման և ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով ՀԱԳ աշխատակիցները շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններից մեկի ուղեկցությամբ որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել են ծխեցված վիճակում»։
Գրադարանի տնօրինությունը տեղի ունեցածի բնույթը և հանգամանքները պարզելու նպատակով անմիջապես դիմում է ներկայացրել ԱԻՆ նախարարին, սակայն համապատասխան մասնագետներ դեռ չեն ժամանել գրադարան դեպքի հանգամանքները պարզելու: Շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանները և ՀԱԳ անվտանգության աշխատակիցը նշել են, որ հոսանքի տատատումներ և անջատում է եղել, տնօրինությունը դիմում է ուղարկել նաև ՀԷՑ տնօրենին, պլանային և կանխարգելիչ անջատումների ու հոսանքի տատանումների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու խնդրանքով, որին դեռևս պատասխան չի տրվել:
Տեղեկացնենք, որ Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը մեկն է շտեմարաններից, որ գործում էր Հայաստանի Ազգային գրադարանի խափանված կայքում: Այն պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները: Մոտ 5 միլիոնին մոտ մատենագիտական նկարագրություն կար գրացուցակում:
«Ծանր բան է տեղի ունեցել, նախարարությունն ակնկալում է արդարացի և ճշմարիտ հետաքննություն, պատճառների բացահայտում, եթե կատարվածում մարդածին գործոն լինի, մեղավորները պատժվելու են: Այս պահին, քանի դեռ հետաքննությունը թափ չի հավաքել, միայն ցավ կարող ենք ապրել»,-կատարվածի մասին arevelk.am-հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։
Ազգային գրադարանի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ ասվում է, որ սերվերային սարքերին և նրանցում պահպանվող նյութերը, ապա ամբողջ տարիների ընթացքում թվայնացված և արխիվացված նյութերը պահպանված են նաև առանձին կրիչներով, հետևապես այդ առումով արխիվացված նյութերի կորուստ տեղի չի ունեցել, իսկ սերվերային սարքերի տեխնիկական վիճակը, գրադարանի մասնագետի կողմից դրանց արտաքին տեսքի գնահատմամբ, հուսադրող է, սակայն լիարժեք գնահատական հնարավոր կլինի տալ դրանք ստուգելուց հետո, ինչը հնարավոր կլինի ԱԻՆ-ի կողմից դեպքի քննության և դրա վերաբերյալ արձանագրության տրամադրումից հետո: «Այժմ գրադարանը քայլեր է նախաձեռնում ամբողջ աշխատանքային բազան՝ թվայնացված ողջ նյութը, տեղափոխել ամպային համակարգ և այն կրկին հասանելի դարձնել ընթերցող հանրությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կատարվածի վերաբերյալ ցավով է արձանագանքել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, ով հայտնել է. «Իմ համեստ ներդրումն եմ ունեցել այդ շտեմարանները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հազվագյուտ միավորներով ու իմ անձնական հավաքածուի նյութերի թվայնացված նմուշներով լրացնելու գործում, փորձելով օգտակար լինել այս գործի անխոնջ նվիրյալ ու իմ լավ բարեկամ Տիգրան Զարգարյանի ու գրադարանի աշխատակազմի հիրավի տիտանական աշխատանքին»։ Իր մեկնաբանության մեջ Դեմոյանը նշել է նաև. «Գոյություն ունի ժամանակակից հակահրդեհային համակարգեր, որոնց տեղադրման դեպքում հրդեհի մարումը մեկ սենյակում տեղի ունենում մի քանի տասնյակ վայրկյանի ընթացքում և այդ դեպքում սենյակում գտնվողները երեսուն վայրկյանում պետք է լքեն սենյակը: Հինգ տարի առաջ թանգարանի բոլոր ֆոնդային սենյակները վերազինեցինք նման համակարգերով»,-նշել է նա։
Կատարվածի հետևանքով պատճառված վնասների մասին փոխնախարար Խաչատուրյանը նշել է. «Գործ ունենք ֆինանսական վնասների և մարդկային տարիների կորսված աշխատանքի հետ, բայց արժեքները ֆիզիկապես չեն վնասվել, դրանք բոլորն էլ ունեն իրենց արխիվային տարբերակները և հնարավոր է վերականգնել»։
Ըստ մասնագետների, նոր սարքավորումներ գնելու համար կպահանջվեն մի քանի տասնյակ հազար դոլար և չորսից վեց ամիս՝ կրկին տեղադրելու շտեմարանները: