Հայաստանի նախկին նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ՖԻԴԵ-ի ղեկավար Արկադի Դվորկովիչին ուղղված նամակում իր խորը մտահոգությունն է հայտնել շախմատի օնլայն օլիմպիադայի ընթացքում ՖԻԴԵ-ի որոշումների կապակցությամբ:
«Անարդարության ցանկացած նշույլ մեծ հակադրում է առաջացնում շախմատային հանրույթի և շախմատիստների մոտ, և դա է եղել պատճառը, որ մեր թիմի անդամները որոշեցին չմասնակցել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղին։
Շախմատիստների դժգոհությունը ավելի սրվեց ՖԻԴԵ-ի՝ նույն իրավիճակում ընդունված երկու հակադիր որոշումների պատճառով։ Հայաստանի հավաքականը առերեսվեց երկակի ստանդարտների կիրառման դատապարտելի երևույթին։ ՖԻԴԵ-ն չհետևեց իր իսկ նախադեպային որոշմանը, խորապես չվերլուծեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի այն պնդումները, որ ինտերնետը հայկական կողմում չի ընդհատվել և ստեղծվել է իրապես ֆորս-մաժորային իրավիճակ»,-մասնավորապես ասված է նամակում։
Հիշեցնենք, որ Առցանց Օլիմպիադայի մրցաշարի ընթացքում ՖԻԴԵ-ն չհետևեց իր նախադեպին և Հնդկաստանի դեպքում խաղերը համարեց չխաղարկված կամ թերի խաղացված, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ խաղացողը համարվեց պարտված «ժամանակի» պատճառով: Արդյունքում, ՖԻԴԵ-ն հանդես եկավ աննախադեպ որոշմամբ՝ մրցաշարի հաղթող ճանաչելով և՛ Ռուսաստանին, և՛ Հնդկաստանին։