«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի անձնակազմն ակումբի գլխավոր հովանավոր «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին խնդրել է միառժամանակ դադարեցնել թիմի ֆինանսավորումը՝ այդ գումարն ուղղելով բանակին և Արցախից տարհանված հայրենակիցների կարիքներին։ Այս մասին հաղորդագրությունը տարածվել է ակումբի ֆեյսբուքյան էջում:
«Այսօր պատերազմն ու համավարակը երկրում ստեղծել են ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ։ Ուստի հայտնում ենք Ձեզ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում և խնդրում ենք Ձեզ միառժամանակ դադարեցնել թիմի ֆինանսավորումը՝ այդ գումարն ուղղելով բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին։ Սպորտն, անշուշտ, կարևոր է, այն մեր կյանքի իմաստն է, բայց հայրենիքն ու մարդկային կյանքերը վեր են ամեն ինչից»,- ասվում է հաղորդագրության մեջ։