Շախմատիստ Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել Levitov Chess Youtube-յան ալիքին՝ խոսելով իր որոշման մասին, ըստ որի՝ այսուհետ ներկայացնելու է ԱՄՆ-ն: Հիշեցնենք, որ շախմատիստն ավելի վաղ հայտարարություն էր տարածել Հայաստանից հեռանալու մասին: Ի թիվս մի շարք խնդիրների՝ նա շեշտել էր հայկական շախմատի նկատմամբ պետության բացարձակ անտարբերության մասին:
«Հարցն այն է, որ ես պետք է աշխատեմ օգտագործել իմ պոտենցիալը: Ցավոք, վերջին շրջանում զգում էի, որ իմ նկատմամբ կար ոչ թե անցանկալի վերաբերմունք, այլ այն ընդհանրապես չկար: Նախկինում, այո, ինձ միշտ օգնել է Կառավարությունը, իսկ եթե չի օգնել, պարզապես հարգանքի նշաններ է ցույց տվել»,-հարցազրույցի ժամանակ շեշտել է Լևոն Արոնյանը:
Խոսելով արդեն նոր Կառավարության ժամանակահատվածի մասին՝ նա նշեց. «Ամեն անգամ, երբ ես ինչ-որ հարցերի մասին էի խոսում, տեսնում էի, որ ինչ-որ բան սխալ է ու փորձում էի փոխել, ինձ ցույց են տվել, որ իմ կարծիքը ոչինչ չարժե, ինչը վիրավորական է: Իմ հանդեպ վերաբերմունքն այնպիսին էր, կարծես թե, ես մարդ եմ, որը միշտ ինչ-որ բան է ուզում»,-հարցազրույցի ժամանակ շեշտել է Լևոն Արոնյանը:
Հարցին՝ իսկ իրականում ի՞նչ է պետք այնպիսի շախմատիստին, ինչպիսին ինքն է՝ Լ. Արոնյանը նշել է, որ, իհարկե, խնդիրը բացարձակապես ֆինանսական աջակցության մասին չէ: Նա ընդգծել է, որ իր յուրաքանչյուր մտահոգություն քաղաքականացվել է՝ դիտարկվել «նախկիններ-ներկաներ» հարթության մեջ:
«Ստացվում է՝ ինչ ասում ես, չի կարող ճիշտ լինել, որովհետև դու, ըստ այդ տրամաբանության, քաղաքական ինչ-որ հայացքների կրող ես»:
Մանրամասները՝ տեսանյութում: