Հուլիսի սկզբներին Արցախում բացվել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) 111-րդ մասնաճյուղը: Այս մասին նշված է ՀՄԸՄ Կենտրոնական վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Հայ մարմնակրթական ընդհանուր միությունն ստեղծվել է 1918թ. Կ. Պոլսում: Այնուհետև Հայաստանի Առաջին Հանրապետության լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով սկսել է գործել Հայաստանում: 1921թ. խորհրդային կարգերի հաստատումից հետո դարձել է սփյուռքյան կազմակերպություն: Սկզբնական շրջանում Միջին Արևելքի երկրներում է լայն աշխատանք տարել, որից հետո սկսել է Միջին Արևելքից տարածվել, հասել է Եվրոպա, Ամերիկա, Ավստրալիա: Միության անդամների թիվն այժմ հասնում է 28 000-ի: ՀՄԸՄ-ի ՀԱՍԿ-ը (Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն) Սկաուտական շարժման միջազգային կազմակերպության անդամ է և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:
Հայ մարմնակրթական ընդհանուր միության Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի խոսքով տարիների երազ էր Արցախում ՀՄԸՄ-ի մասնաճյուղ ունենալը: «Արցախի անկախացումից հետո սկզբնական շրջանում սկսել էինք աշխատել Արցախում, բայց դրանից հետո ՀՄԸՄ-ի գործունեությունը դադարեց, որից հետո զանազան պատճառներով հնարավոր չեղավ վերականգնել: Հիմա կարող եմ ասել, որ Արցախի իշխանությունների հետ մեր աշխատանքի և շրջանի մարմինների աշխատանքի արդյունքում մենք կարողացանք մեր առաջին պաշտոնական կորիզը ստեղծել»,- ասել է ՀՄԸՄ-ի ԿՎ ատենապետը՝ հույս հայտնելով, որ այն լավագույն թթխմորը պիտի դառնա Արցախում լուրջ գործունեություն ծավալելու համար:
ՀՄԸՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոս ամսվա վերջին: