Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի (St. Louis Rapid & Blitz) մրցաշարի 6-րդ տուրում մրցել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ կուբացի Լենիեր Դոմինգեսի հետ։ Հայկական շախմատի առաջատարը սպիտակ ֆիգուրներով 70-րդ քայլում համաձայնել է ոչ ոքի արդյունքի։
Լևոն Արոնյանը 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն, ով ունի 9 միավոր։
Հայկական շախմատի առաջատարն առաջին տուրում հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, երկրորդ տուրում՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, երրորդ տուրում՝ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։ Չորրորդ տուրում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ։
Հինգերորդ տուրում հայկական շախմատի առաջատարը պարտության է մատնել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
Արագ շախմատի մրցաշարի վերջին երեք տուրերում օգոստոսի 12-ին Արոնյանի մրցակիցները կլինեն ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, հունգարացի Ռիչարդ Ռապորտը և չինացի Յու Յանջին։
Օգոստոսի 13-15-ը կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը՝ 18 տուր։
Նշենք, որ Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի (St. Louis Rapid & Blitz) մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, իսկ ոչ ոքիի համար՝ 1 միավոր։