Փետրվարի 23-ից մարտի 3-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալու է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Համաձայն աղբյուրի՝ Հայաստանն այս առաջնությունում կունենա 16 ներկայացուցիչ, որոնք արդեն մեկնել են Վրոցլավ՝ ստուգատեսից առաջ ուսումնամարզական հավաք անցկացնելու:
Գնդակային հրաձգության (10 մ) Եվրոպայի առաջնությունը նախավերջին մրցումն է, որտեղ մարզիկները կարող են ձեռք բերել Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ուղեգրերի վերջին խաղարկությունը լինելու է մայիսին՝ Չեխիայի Պլզեն քաղաքում կայանալիք մրցաշարում: Վարկանիշ կարող են ձեռք բերել միայն հրացան և ատրճանակ ձևերի մեծահասակ մարզիկները, յուրաքանչյուր ձևում խաղարկվելու է 2 ուղեգիր: Հայաստանի հավաքականից վարկանիշի համար կպայքարի 7 մարզիկ՝ 4 մարզիկ հրացան ձևից և 3 մարզիկ ատրճանակ ձևից:
Հիշեցնենք, որ Հայաստանը գնդակային հրաձգությունից դեռ չունի Օլիմպիական խաղերի վարկանիշ: