Փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կկայանա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որի համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կունենա 10 ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը նշել է, որ կազմն ընտրելիս հաշվի են առել Հայաստանի առաջնության արդյունքները, բայց հետագա մրցումներում հնարավոր են փոփոխություններ։
Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լիովին ապաքինվել է կողոսկրի վնասվածքից և պատրաստ է առաջիկա մրցումներին. «Նիցայի մրցաշարին մասնակցելուց հետո Արթուրն իրեն ավելի վստահ է զգում: Վնասվածքն արդեն չի խանգարում, նա լիարժեք մարզումներ է անցկացնում: Հույս ունենք՝ Արթուրը կշարունակի իր լավագույն ավանդույթները»:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությանն Օլիմպիական խաղերի ուղեգրեր չեն խաղարկվի, իսկ մարտի 19-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք մրցաշարը լինելու է վարկանիշային: Այս պահին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր ունի՝ 77 կգ և 97 կգ քաշային կարգերում: