Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործկոմի ընտրությունները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահն Արմեն Մելիքբեկյանն է։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13 ձայն, իսկ Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը ստացավ 7 ձայն, 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր։
Նշենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությանը մասնակցել են ՀՖՖ կազմի մեջ մտնող 24 հասարակական կազմակերպությունները։ ՀԿ–ներից մեկը չի ներկայացել, իսկ 9–ի մասնակցությունը կասեցրել է ժողովը։
Հիշեցնենք` ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու՝ ՀՖՖ գլխավոր քարտուղար, նախկին մարզական մեկնաբան Արմեն Մելիքբեկյանը և «Լոռի» ակումբի հիմնադիր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը։
ՀՖՖ նախագահի պաշտոնին առաջադրված երրորդ թեկնածուն՝ ԽՍՀՄ հավաքականի նախկին անդամ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս պայքարից և սատարելու է Արմեն Մելիքբեկյանին։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 21–ին հրաժարական էր տվել։