Հանդիպումը պատմական էր, քանի որ առաջին անգամ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար պայքարեցին Անգլիան ներկայացնող 2 թիմեր։Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներում թիմերը չկարողացան որոշել հաղթողին։
Հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում՝ 36-րդ րոպեին՝ Կրիստիան Պուլիշիչի փոխանցումը գոլով եզրափակեց Օլիվյե Ժիրուն:
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում «Լիվերպուլ»-ը վերականգնեց հավասարությունը՝ 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն։ Հանդիպման հիմնական ժամանակում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
95-րդ րոպեին Մանեն դուբլ ձևակերպեց, սակայն Յուրգեն Կլոպի թիմի ուրախությունը երկար չտևեց․ 101-րդ րոպեին Ժորժինյոն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Լրացուցիչ ժամանակում նույնպես հաղթողը չորոշվոց: ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիրը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարի միջոցով։
Հետխաղյա հարվածաշարում առավել դիպուկ էին «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները՝ 5-4։ «Լիվերպուլ»-ի 11-մետրանոցները հաջողեցին Ֆիրմինյոն, Ֆաբինյոն, Օրիգին, Ալեքսանդր-Առնոլդը և Սալահը։ «Չելսի»-ից դիպուկ էին Ժորժինյոն, Բարկլին, Մաունտը, Էմերսոնը, սակայն վրիպեց Թեմի Աբրահամը։