Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգ Մխեյանը 7-9 հաշվով պարտվեց մոլդովացի Միխաիլ Սավային:
Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ: Այնուհետ Մխեյանը երկու սփոփիչ գոտեմարտ էր անցկացրել և երկուսում էլ հաղթել էր: Նախ` 12-2 հաշվով առավելության էր հասել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ, ապա 7-3 հաշվով պարտության մատնել ուկրաինացի Օլեքսեյ Բորուտանին:
Վերջին օրը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի չորս ըմբիշներ կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար։
61 կգ քաշային կարգում անցած տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար կմրցի հույն Գեորգիոս Պիլիդիսի և Բելառուսի ներկայացուցիչ Վլադիմիր Դուբովի զույգի հաղթողի հետ։
92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը կգոտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Ամարհաջի Մահամեդաուի հետ։
125 կգ քաշային կարգում Լևան Բերիանիձեն բրոնզե մեդալի համար կպայքարի ավստրիացի Յոհանես Լուդեշերի և ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովի դիմակայության հաղթողի հետ։
86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը սփոփիչ գոտեմարտում կմրցի գերմանացի Լարս Շեֆլեի հետ և հաղթանակի դեպքում բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք կստանա։